Բայց դեռ ուշ չէ, մենք դեռ ունենք մեր հայրենիքը պաշտպանելու հնարավորություն

Դեռ ուշ չէ, մենք դեռ ունենք մեր հայրենիքը պաշտպանելու, մեր երեխաների կյանքն ու առողջությունը պաշտպանելու հնարավորություն. պետք է ընդամենը գիտակցել, մտածել ու ընդմիշտ մերժել զազրախոսությունը, պոռոտախոսությունը, դատարկաբանությունն ու ստախոսությունը, լակոտության հասնող անպատասխանատվությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Իշխանությունները աշխատում են հիմնականում երկու մոդելով.

1.            պաշտպանում և առաջ են մղում ազգային պետական շահը, և

2.            բավարարում հանրային ակնկալիքները:

Եթե հանրային սպասելիքները համընկնում են պետության ազգային ու պետական շահերին, ապա ստեղծվում է իդեալական իրավիճակ պետության բնականոն զարգացման և ներքին համերաշխության ու կայունության ապահովման համար: Կայացած հասարակարգերում հարնային ակնկալիքը ձևավորում են պետության էլիտաները, որոնք այդ հարցին մոտենում են լրջությամբ ու պատասխանատվությամբ, չեն ընկնում մարդկանց հաճոյանալու գայթակղության հետևից, իրենց խոսույթի մեջ զուսպ են և հաշվետու:

Իսկ եթե հանրության ակնկալիքները կտրված են իրականությունից, ձևավորված են ստի, կեղծիքի և մանիպուլյացիաների վրա, ապա առաջանում է բախում պետական շահի և հանրային ակնկալիքների միջև:

Սա կոչվում է պոպուլիզմ, ինչը դարձել է 21-րդ դարի քաղաքական միջավայրի քայքայիչ վիրուսը, որով վարակված են աշխարհի շատ պետություններ:

Պոպուլիզմի դասական դրսևորումն են Հայաստանն ու Ուկրաինան, որոնք այսօր հայտնվել են ծանր ներքին ու արտաքին գոյաբանական սպառնալիքների առջև, կորցրել ու կորցնում են ահռելի տարածքներ ու հազարավոր մարդկային կյանքեր:

Այս երկու պետությունների առաջնորդները՝ չունենալով պետության ու պետականության մասին խորքային գիտելիքներ, ազգային ու պետական շահի համակարգային ընկալում, իրենց քաղաքական գործունեությունը իրացրել, քաղաքական լրջագույն որոշումները կայացրել են ֆեյսբուքյան լայքերի ու յութուբյան դիտումների թվի գործոնով, նույնն է թե իրենք քաղաքական վարքաբանությունը ադապտացրել են հանրային սպասելիքներին՝ արհամարհելով պետության ռազմավարական շահերը, խոսել են այն, ինչ ցանկացել են լսել մարդկ, արել են այն, ինչ իրենցից պահանջել են մարդիկ:

Կայացած հասարակարգերում սա չի հանգեցնում ողբերգության, քանի որ խորքային կառավարման համակարգն արագ բացահայտում, զսպում և չեզոքացնում է նման վնասակար երևույթներին:

Ցավոք մենք վերջին 30 տարվա մեջ չկարողացանք ձևավորել ներքին զսպումների և հակակշիռների այնպիսի համակարգ, որի արդյունավետ աշխատանքի ուժով կբացահայտվեին ու կչեզոքացվեին պոպուլիստ դատարկաբանները, զազրախոսներն ու պոռոտախոսները, ստախոսներն ու կեղծարարները, ինքնասիրահարված տգետներն ու տհասները:

Դրանով մենք վաղուց ազատած կլինեինք մեր հայրենիքը նման արարածներից, կործանումից փրկած կլինեինք Արցախը, հազարավոր մեր երեխաների կյանքը:

Բայց դեռ ուշ չէ, մենք դեռ ունենք մեր հայրենիքը պաշտպանելու, մեր երեխաների կյանքն ու առողջությունը պաշտպանելու հնարավորություն. պետք է ընդամենը գիտակցել, մտածել ու ընդմիշտ մերժել զազրախոսությունը, պոռոտախոսությունը, դատարկաբանությունն ու ստախոսությունը, լակոտության հասնող անպատասխանատվությունը