Ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ. Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ»-ից  դուրս գալու մասին

ՀՀ ազգային ժողովի արդեն անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից դուրս գալու իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ, իսկ ինքը չի ցանկանում իր գործունեությունը կաշկանդել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Իշխան Զաքարյանի գրասենյակից:

Զաքարյանը հորդորել է խմբակցությունից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր գործելու իր այդ որոշման մեջ չփնտրել տարբեր  ենթատեքստեր՝ նշելով, որ դա իր անձնական որոշումն է, և պահպանված են էթիկայի բոլոր նորմերը։

«Երկրի համար այս ճակատագրական պահին ամենակարևորը սահմանների անվտանգության խնդիրն է ու կայուն, հասկանալի և վստահելի համագործակցությունը մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ»,- նշել է Զաքարյանը:

Պատգամավորը շեշտել է՝ ունի գաղափարներ, առաջարկներ, մշակումներ, որոնք, կարծում է, օգտակար կլինեն երկրին՝ լուծելու բազմաթիվ խնդիրներ, դուրս գալու այս ճգնաժամից, դա իր համար ամենակարևորն է։ «Ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ։ Եվ իմ որոշումը հիմնականում պայմանավորված է դրանով։ Ես չեմ ուզում իմ գործունեությունը կաշկանդել, միաժամանակ չեմ ուզում անհարմարություններ պատճառել այն մարդկանց՝ ում հետ մտել եմ խորհրդարան։Այդ պատճառով որոշեցի գործունեությունս շարունակել որպես անկախ պատգամավոր»,- նշել է Զաքարյանն ու տեղեկացրել, որ  գործելու է ընդդիմադիր դաշտում։

Դեկտեմբերի 10-ի ԱԺ նիստում փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին Իշխան Զաքարյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր: